Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: Երկուսում էլ հաղթանակն ուղեկցել է տանտերերին, ինչը, սակայն, չի նշանակում, թե պատասխան խաղերում ինտրիգը բացակայելու է: Համենայն դեպս գոնե մեկի կտրվածքով դեռ հարցեր կան պարզելու: Պատասխան հանդիպումները մեկ շաբաթ անց են:
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-«ՌԵԱԼ»` 2:1
Եթե հաշվի առնենք, որ պատասխան խաղը մադրիդյան հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեուում» է ու հավատանք, որ տան պատերն օգնելու կարողությամբ են օժտված (զուր չի ասված մարզասերի` տասներկուերորդ խաղացող լինելու հանգամանքը), ապա առաջին հանդիպման հաշիվը միանշանակ հօգուտ մադրիդցիների է, որոնցից պահանջվում է շատ քիչ բան` մեկ արդյունավետ գրոհ ու կողպել սեփական դարպասը: Այս տրամաբանությամբ «Ռեալին», բնականաբար, նախօրոք կարելի է եզրափակիչ հանել, սակայն ո՞վ երաշխիք կտա, որ Մասիմիլիանո Ալեգրին Մադրիդում չի վարվի այնպես, ինչպես գործեց Թուրինում. այն է` հաղթական գոլից հետո կենտրոնն ամրացրեց երրորդ պաշտպանով ու հակառակորդին վերածեց ժայռաբեկորի վրա անպտուղ գրոհող ալիքների: Իհարկե, խաղից հետո Անչելոտին կշտապի հայտարարել, թե թուրինյան 2:1-ն իրենց ձեռնտու հաշիվ է (բա հո հակառակը չէ՞ր ասելու), Ալեգրին կասի, որ ընդհանուր հաղթանակի համար Մադրիդում իր թիմից պահանջվելու է գլուխգործոցին համարժեք խաղի ցուցադրում, ու երկուսի ասածի մեջ էլ ¥չհասկանալու համար ո՞վ է երեխա¤ խոսողը ինքնապաշտպանական բնազդն է, միայն մեկ տարբերությամբ` Անչելոտին իրեն ապահովագրում է էս գլխից (գոնե մեկ շաբաթով), Ալեգրին` էն գլխից (ընդհանրապես):
Իսկ խաղն իսկապես գեղեցիկ էր իր ամեն ինչով, ու թույլ տվեք ասել, որ այն առաջին հերթին մարզիչների դիմակայություն էր, որտեղ Ալեգրին խորամանկեց Անչելոտիին: Տաք գլխով կարելի է ասել, որ ամեն ինչ որոշեց տասնմեկմետրանոցն ու վերջնահաշվում ճիշտ էլ լինել: Սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպես ծնվեց այդ տասնմեկմետրանոցը: Տևեսը պոկվեց առաջ, Կարբախալը հետապնդեց նրան, սակայն աչքն աջից գրոհող Մորատային, ում ցանկացած պահի կարող էր հետևել փոխանցում և ում, ըստ հղացման, պիտի որ վնասազերծեր Մարսելոն: Արդյունքում` գործողությունների մեջ կաշկանդված Կարբախալին Տևեսին տապալելուց այն կողմ ոչինչ չմնաց:
Ինչու տվյալ դրվագի մեջ եղանք մանրամասն: Զուտ այն պարզ պատճառով, որ երեխայամտություն է կարծելը, թե Մադրիդում «Ռեալի» համար անհամեմատ հեշտ կլինի: Ֆուտբոլը միայն բարձրակարգ խաղացողները չեն: Ֆուտբոլն ունի բազմաթիվ այլ գործոններ, որոնք կարող են «դարանակալ» գործել ու եղանակ ստեղծել: Այնպես որ, «Սանտյագո Բեռնաբեուում» մարզասերին սպասում է բացառիկ լարված ու դրամատիկ պայքար, եթե, իհարկե, պատահականության գործոնը չունենա իր վճռական միջամտությունն ու ակնթարթի տակ չկազմաքանդի խաղը: Ոչնչով ուղղորդում մի դիտեք ասածս, բայց և, եթե չգիտեք, իմացեք` վերջին երեք տարում եզրափակիչ դուրս են եկել առաջին խաղում հաղթած թիմերը:
«ԲԱՐՍԵԼՈՆ»-«ԲԱՎԱՐԻԱ»` 3:0
Այս խաղում եղավ այն, ինչ եղավ: Բնականաբար, նկատի չունեմ հանդիպման կայանալու փաստը, թեպետ գերմանացիները շատ բան կտային, որ այն չլիներ: Կատալոնցիները մրցակցին գերազանցեցին ամեն ինչով, ու եթե առաջին խաղակեսից հետո լուսատախտակի վրա 0-ներ էին, շնորհակալ պիտի լինեն Նոյերին, ով առնվազն երկու անգամ փրկեց իր թիմին անխուսափ գոլից:
Երկրորդ խաղակեսի առաջին տասը րոպեն նույնիսկ այնպիսի տպավորություն թողեց, որ գերմանական մեքենան ուր որ է կրնկի տակ կառնի կատալոնցիներին (համոզված եմ` շատերը նույնիսկ մտովի երկու տարով հետ գնացին, երբ երկու խաղում էլ մյունխենցիները մրցակցին կործանարար հարված հասցրին ընդհանուր 7:0 հաշվով), սակայն տանտերերը նորից վերադարձան առաջին խաղակեսի ելման դիրքերը: Երեք րոպեի ինտերվալով Մեսին երկու անգամ գրավեց Նոյերի դարպասը, ապա հետևեց Նեյմարի խոցումը, ինչը նշանակեց, որ պատասխան խաղը կկրի զուտ ձևական բնույթ, եթե, իհարկե, արտառոց որևէ բան չպատահի. ի մասնավորի, Մյունխենում «Բարսելոնն» ինքն էլ միանա «Բավարիային» ու մեկտեղված ուժերով կազմակերպի ինքնահոշոտումը:
Անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր կհակառակվեն` ասելով, որ եթե դաշտում լինեին վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողած Ռոբենը, Ռիբերին, Ալաբան, խաղը բովանդակային առումով այլ ընթացք կունենար: Չեմ առարկում, որ հիշատակված անձինք ավելի նպատակասլաց կդարձնեին մյունխենցիների գործողությունները, թիմը կլիներ ավելի ձիգ ու առնական, ավելի վտանգավոր, բայց խնդիրն այստեղ ոչ այնքան բավարացիների մեջ է, որքան` կատալոնցիների, ովքեր հրեշավոր ուժի խաղ են ցուցադրում, որին դիմակայելը գործնականում անհնար բան է: Իհարկե, կարելի է մեկ առանձին վերցրած խաղում նրանց հաղթել, բայց, կրկնում եմ, մե՛կ առանձին վերցրած խաղում: Ավելիի ակնկալիք չունենաք ու զուր հույսեր մի փայփայեք: Ես չեմ պարտադրում իմ կամքը, ես պարզապես ֆիքսում եմ փաստը:
Դառնանք խաղում արձանագրված 3:0 հաշվին:
Սպասվո՞ւմ էր արդյոք նման արդյունք:
Ելքի առումով` այո, հանդիպման թվային արտահայտության կտրվածքով` թերևս ոչ:
Որտեղից այս համոզվածությո՞ւնս:
Նախ և առաջ` բարսելոնցիների ու, ի մասնավորի, նրանց ու համաշխարհային ֆուտբոլի առաջատար Լիոնել Մեսիի փայլուն մարզավիճակից, ու սա բնավ էլ կույր տուրք չէ երկրպագած ֆուտբոլիստին: Հիշեք Գվարդիոլայի նախախաղյա ասուլիսում ասածը, ով գոնե այս պարագայում շահագրգռված անձ չէ. «Աշխարհում չկա մեկը, ով կկարողանա չեզոքացնել գերազանց մարզավիճակում գտնվող Մեսիին, ինչպես որ չկա մի մարզիչ, ով իր խաղացողներին կարող է հուշել` ինչպես կանգնեցնել նրան»:
Չմոռանանք նշել, որ այս խաղից հետո Չեմպիոնների լիգայում Մեսին խփած գոլերի թիվը հասցրեց 77-ի, ինչը ռեկորդային արդյունք է։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերի մասին այսքանը, թեպետ կարելի է խոսել ու երկար խոսել, բավական մանրամասներով, հետաքրքիր հիշատակումներով, սակայն բավարարվենք այսքանով, քանի որ համոզված ենք` ամենալավ ներկայացված խաղն առնվազն մի քանի անգամ զիջում է ամենավատ տեսած խաղին:
Բարին ընդ ձեզ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ.- Երեկ ուշ երեկոյան կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը: «Սևիլիան» ընդունել էր «Ֆիորենտինային», «Նապոլին»` «Դնեպրին»: Հանդիպման արդյունքների մասին` թերթի էլեկտրոնային էջում: Նկատենք, որ եթե Չեմպիոնների լիգայում գերակշռողն իսպանական թիմերն են, այստեղ թվային գերազանցություն ունեն իտալականները: